ԵԿՄ «Կենտրոն» տարածքային բաժանմունքի նախկին շենքում հայտնաբերված զինամթերքի հետևանքները կարող էին լինել ողբերգական (ֆոտո, վիդեո)

12:32 • 03.07.12

Tert.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 3-ին ժամը 09.42-ին տեղեկություն է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարություն, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 20 շենքի տանիքում զինամթերք է հայտնաբերվել. անհրաժեշտ են սակրավորներ:


Նշված դեպքի կապակցությամբ դեպքի վայրից Tert.am-ին նոր մանրամասներ է հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ըստ այդմ՝ նշված շենքը «Երկրապահ» կամավորական միության «Կենտրոն» տարածքային բաժանմունքի նախկին շենքն է, որտեղ քանդման աշխատանքներ են կատարվում:

 

Այս պահին նշված շենք են ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` Սամվել Ռշտունու գլխավորությամբ, տեղում են նաև փրկարար ծառայության հատուկ հրշեջ ծառայության աշխատակիցները` Երևան քաղաքի փրկարար ծառայության պետի տեղակալ Արմեն Բադալյանի գլխավորությամբ ինչպես նաև 1-03 ծառայության շտապօգնության բրիգադը: Ժամանել են նաև պաշտպանության նաարարության և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները:

 

Գ. Շամշյանը հայտնում է, որ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, այդ թվում հակատանկային ականներ, նռնակներ, պայթուցիչներ, ճայթիչներ, ինչպես նաև քիմիական քողարկիչներ: Մասնագետների կարծիքով` եթե հանկարծ տեղի ունենար պայթյուն, ապա հետևանքները կլինեին ողբերգական: Զենք-զինամթերքի հայտնաբերման վայրի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերը, այդ թվում բարձրահարկ շենքերը կփլուզվեին: Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և այս պահին հետաքննիչները զննում և արձանագրում են հայտնաբերված ռազմամթերքը:

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի