Զենք-զինամթերքի մասին Ոստիկանությանը հայտնել էին դրանք հայտնաբերած երկրապահները
«Երկրապահ կամավորականների միության» Կենտրոնի տարածքային բաժանմունքի շենքի տանիքին զենք-զինամթերքն առաջինը հայտնաբերել են երկրապահները և այս մասին տեղեկացրել Ոստիկանությանը, այս մասին Tert.am–ին հայտնեցին ԵԿՄ լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ այսօր, ինչպես հաղորդվել էր Պարոնյան 20 հասցեում գտնվող շենքի տանիքում՝ «Երկրապահ» կամավորական միության «Կենտրոն» տարածքային բաժանմունքի վերանորոգվող շենքում, հայտնաբերվել է մեծ ցանկությամբ զենք-զինամթերք:
Ամիսներ առաջ ԵԿՄ կենտրոնի տարածքային կառույցում սկսվել էին խմորումներ, որի մի կողմում ԵԿՄ Երևանի կենտրոնի տարածքային կառույցն ու նոր ղեկավար Ռոբերտ Նազարեթյանն էր, մյուս կողմում՝ նախկին ղեկավարներ՝ հայր ու որդի Արտաշես և Էդիկ Գյումրյանները և, ինչպես այն ժամանակ էր հաղորդվում, ԵԿՄ շարքերը լքած մոտ 70 երկրապահները:
Ռոբերտ Նազարեթյանին հարող երկրապահներից Արամ Գևորգյանն այն ժամանակ Tert.am–ին հայտնել էր, թե Գյումրյան ավագը ՝ տարածքը դարձել էր ինչ-որ ծառայությունների «ռազբորոչնի կենտրոն». մարդիկ էին կանչում, փողեր էին ստանում, «շներ էին պահում ու քսի էին տալիս» մարդկանց վրա, «ծեծում էին», «ջարդում» ու «փշրում»:
Նաև կառույցում մնացած երկրապահները հայր և որդի Գյումրյաններին մեղադրում էին՝ տարիներ շարունակ զոհված և հաշմանդամ ազատամարտիկներին օգնության համար կատարվող հանգանակությունները՝ 300,000-500,000 հազար դրամի չափով, նրանց չհասցեագրելու, ինչպես նաև սոցիալապես անապահով ազատամարտիկների ընտանիքների կարիքներին չուղղելու մեջ։
Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:









