Էրեբունիում դեռահաս աղջկան 14 հարկանի շենքի մոտ գտել են մահացած (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 12-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ էրեբունու փողոցի թիվ 21 շենքի մուտքի մոտ մահացած աղջկա մարմին կա:
Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ռազմիկ Հովհաննիսյանի և համայնքային ոստիկանության բաժնի պետ Արմեն Դոյդոյանի գլխավորությամբ:
Մահացածը, ըստ նախնական տեղեկությունների, կլինի 12-15 տարեկան: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ նկատել են, որ աղջիկը հեռախոսով խոսելով՝ եկել և բարձրացել է նշված շենք, ինչից հետո շենքի մուտքի մոտ տեսել են նրա մարմինը: Նշված շենքը 14-հարկանի է:
Գ. Շամշյանը հայտնում է, որ արդեն դեպքի վայր է ժամանում դատական բժիշկը: Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի խումբը`քննիչ Սուրեն Մանուկյանի գլխավորությամբ:
Հայտնաբերվել է նաև աղջկա բջջային հեռախոսը, որը «Սամսունգ» մոդելի է: Թե ինչն է աղջկա մահվան պատճառը, այս պահին դեպքի վայրում ոստիկանությունը մեկնաբանություններ չի տալիս, քանի որ հանգամանքները պարզվում է:
13.10
Քիչ առաջ Գ. Շամշյանը հայտնեց, որ Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ աղջիկը Էրեբունու վարչական շրջանի Դիմիտրովի 78 շենքի բնակչուհի Ջուլի Խաչատրյանն է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









