Հայաստան է այցելում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը

09:45 • 03.07.12

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը հուլիսի 3-5-ը պաշտոնական այցով կլինի Հարավկովկասյան տարածաշրջանում:

 

Այցը կմեկնարկի Հայաստանում հուլիսի 3-4 և կշարունակվի Վրաստանում և Ադրբեջանում, այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Եվրոպական պատվիրակության պաշտոնական կայքից:

 

Հերման վան Ռոմպոյը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, ԱԺ օվալաձև դահլիճում ողջույնի խոսք կուղղի Ազգային Ժողովի պատգամավորներին:

 

Ինչպես օրերս հաղորդել էր մամուլը՝ ԱԺ նիստերի դահլիճում` պատգամավորական ողջ կորպուսի համար նախատեսված ելույթից հետո յուրաքանչյուր խմբակցության հնարավորություն է տրվելու ԵՄ նախագահին ուղղել մեկական հարց:
Նախագահ Ռոմպոյը նաև բացման խոսքով հանդես կգա «Հայաստանը Եվրոպայում» քաղաքացիական հասարակության ֆորումի առջև։

 

Այցի ընթացքում նախատեսված է նաև այցելություն Ազգային պատկերասրահում ներկայումս ընթացող «Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» և «Հայկական տպագիր գրքի 500-ամյակ» ՅՈՒՆԵՍԿՈ ցուցահանդեսներին: Այնուհետև նա կարճատև այց կկատարի Զվարթնոցի տաճար:

 

Հանդիպումների ընթացքում վան Ռոմպոյը զրուցակիցների հետ կքննարկի Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ներքին քաղաքական իրավիճակին,տարածաշրջանին վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրության այլ հարցեր:

 

Վան Ռոմպոյը և Սերժ Սարգսյանը համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն:
Նշենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Ն.Գ. Հերման վան Ռոմպոյը նախագահ Սերժ Սարգսյանի հյուրն է:

 

Հիշեցնենք նաև, որ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Բրյուսելում, որտեղ հանդիպել է ԵՄ բարձրաստիճան ղեկավարների հետ: