Իրաքում պայթյունների հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
Իրաքում այսօր մի քանի պայթյուններ են որոտացել, որոնց արդյունքում զոհվել է ավելի քան 30, վիրավորվել 85 մարդ. տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Պայթյուններից մեկը տեղի է ունեցել Իրաքի հարավում գտնվող Ալ Դիվանիե քաղաքում, որի արդյունքում առնվազն 25 մարդ է զոհվել: Ականատեսների վկայությամբ` պայթեցվել է ականապատ ավտոմեքենա:
Մի քանի պայթյուն է տեղի ունեցել նաև երկրի կենտրոնական հատվածում: Տեղական իշխանությունների տվյալներով` երկու ականապատ մեքենաներ պայթեցվել են Քարբալա քաղաքի քաղաքային շուկայի մոտակայքում. զոհվել է 5, վիրավորվել 30 մարդ:
Եվս մեկ պայթյուն տեղի է ունեցել հիմնականում սուննիներով բնակեցված Թաջի քաղաքում: Դրա հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում մեկ ոստիկան: Վիրավորվել է 15 մարդ։









