Նիկոլ Փաշինյանը չի ստանձնի ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը

14:40 • 03.07.12

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը մամուլից է տեղեկացել այն մասին, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ինքը նշանակվել է 5–րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղեկալ և այս նշանակումը համարում է ապօրինի։


Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությամբ՝ առանց ՀԱԿ խմբակցության ներկայացման նշանակումը «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24.1 հոդվածի 3-րդ կետի կոպիտ խախտում է:


Այս մասին ասված է Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ, որը տեղադրված է «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագրի պաշտոնական կայքում:


«Սույնով հայտարարում եմ, որ չեմ ստանձնի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը և հավելել է, որ մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին՝ «որպես առաջնահերթություն ունենալով իրենց օրենքից վեր դասող օլիգարխ-պատգամավորների վարքուբարքի հարցերը սույն հանձնաժողովի շրջանակներում քննության առնելու օրենսդրական արգելքները վերացնելը, բացերը լրացնելը»:


Հիշեցնենք, որ, ըստ «ԱԺ-կանոնակարգ օրենքի», ԱԺ նախագահը Էթիկայի հանձնաժողովի նախագահի և նախագահի տեղակալի պաշտոններում նշանակում է խորհրդարանի ամենամեծ իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների՝ ռոտացիոն կարգով. մեկ նստաշրջանում նախագահը լինում է ընդդիմության ներկայացուցիչը, մյուսում՝ իշխանությանը, մինչև որ սպառված են համարվում հերթական գումարման խորհրդարանի բոլոր նստաշրջանները:


ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, պատասխանելով Tert.am–ի այն հարցին, թե ԱԺ նախագահի կարգադրության մեջ ի՞նչն են համարում խախտում, չէ՞ որ ՀԱԿ է ներկայացրել այս հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի անունը, ասաց.« Մենք Նիկոլ Փաշինյանի անունը տվել ենք որպես հանձնաժողովի անդամի և Հովիկ Աբրահամյանը պետք է խորհրդակցեր ֆրակցիայի հետ, ինչը չի արվել»:


Այս կարճատև՝ մեկ հերթական և կառավարության ծրագրի հաստատման համար հրավիրված արտահերթ նիստ հրավիրելուց հետո, այս գարանային նստաշրջանը կհամարվի ավարտված և խորհրդարանը կգնա արձակուրդ: Իսկ հաջորդ՝ աշնանային նստաշրջանում, Էթիկայի հանձնաժողովն արդեն ռոտացիոն կարգով պետք է գլխավորի Դավիթ Հարությունյանը: