Հյուսիսային Կորեայում թույլատրվել է պիցցայի, ֆրիի և համբուրգերների վաճառքը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չոնգ Ունը մի շարք նոր հրամաններ է արձակել, համաձայն որոնց` երկրում այսուհետ կթույլատրվի պիցցայի, ֆրանսիական ֆրիի և համբուրգերների վաճառքը, գրում է YahooNews-ը:
Բացի այդ, երեխաները հնարավորություն կունենան անվճար այցելել կենդանաբանական այգիներ և զվարճանքի այլ վայրեր: Նախկինում երկրում նման «հաճույքներն» արգելված էին դրանց` արևմտյան ծագման պատճառով:
Բացի վերջին ընդունած որոշումներից, իշխանության գալուց ի վեր Կիմ Չոնգ Ունը նաև մի քանի այլ բարեփոխումներ է իրականացրել, որոնցից ամենակարևորը «նորաձևության հեղափոխությունն» է, որն ավելի շատ ազատություն է տալիս քաղաքացիներին:
Մասնավորապես` կանայք արդեն հնարավորություն ունեն հասարակական վայրերում նեղ տաբատներ, բարձրակրունկ կոշիկներ ու ականջօղեր կրել, ինչի դեպքում նախկինում նրանք տուգանվում էին և նախազգուշացում ստանում ոստիկանների կողմից:
Բացի այդ, երկրում մեծացել է նաև բջջային հեռախոսներ ունեցողների թիվը:
Որոշ վերլուծաբաններ գտնում են, որ Չոնգ Ունի քայլերը միտված են ժողովրդի համակրանքը շահելուն և ավելի ջերմ ու հոգատար առաջնորդի կերպար ստեղծելուն, որը ժամանակին ունեցել է նրա պապը` Կիմ Իլ Սունգը:









