Մահացել է իտալացի ավտոմոբիլային հայտնի դիզայներ Սերջիո Պինինֆարինան
Թուրինում 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է խոշոր գործարար, ակնառու ավտոմոբիլային դիզայներ ու ցմահ սենատոր Սերջիո Պինինֆարինան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով թուրինյան լրատվամիջոցներին:
Պինինֆարինայի անվան հետ է կապված իտալական լավագույն ավտոմեքենաների թափքեր արտադրող ընկերության զարգացումը, որը 1930 թ.-ին հիմնադրել է նրա հայր Բատիստ Ֆարինան` «Պինին» մականվամբ:
1961թ.-ին, Իտալիայի նախագահի հրամանագրով Թուրինի հայտնի գործարարների ընտանիքների անդամներին թույլատրվել է ազգանվանը կցել հայրական կեղծանունը: Այսպես էլ ի հայտ է եկել Պինինֆարինա դինաստիան:
Պինինֆարինայի ջանքերի ու նրա ինժեներների շնորհիվ` Իտալիայում ստեղծվել են ավտոմոբիլային բացառիկ թափքեր, որոնք համաշխարհային շուկայում տարբերվում են իրենց բացառիկ նրբագեղ ոճով ու բարձրակարգ աէրոդինամիկ բնութագրերով: 1988-1992թթ. նա գլխավորել է Confindustria արդյունաբերողների իտալական միավորումը:
1991թ.-ին, Դեթրոյթում Պինինֆարինան արժանացել է Designer Lifetime Achievement Award մրցանակի` որպես աշխարհի լավագույն ավտոմոբիլային դիզայներ: 2005թ.-ի սեպտեմբերին նա իր արժանիքների համար Իտալիայի Հանրապետության նախագահ Կառլո Աձելիո Չամպիի կողմից նշանակվել է ցմահ սենատոր:









