Պուտինի հարցում Մոսկվայի ու ՌԴ մարզերի կարծիքները տարբերվում են.The Washington Post
Հուլիսի 2-ին հրապարակվել են Associated Press-GfK-ի կողմից Ռուսաստանում անցկացված հարցումների արդյունքները, որոնք վկայում են Մոսկվայի ու երկրի այլ շրջանների տարակարծության մասին, գրում է The Washington Post-ը:
Հարցվածների 60%-ն աջակցում է նախագահ Վլադիմիր Պուտինին: Իսկ Մոսկվայում նրանք ընդամենը 38% են կազմում:
«Նման տարբերությունը կարող է հանգեցնել լրջագույն հետևանքների»,- ասվում է հոդվածում:
Ըստ թերթի` այդ հետևանքները կախված են տնտեսական վիճակից, որն անհանգստացնում է բնակչության մեծ մասին, և կյանքի ցուցանիշերի յուրաքանչյուր վատացում կարող է հանգեցնել այդ շրջաններում ցույցերի:
Հարցումները ցույց են տվել, որ մոսկվացիներն առավել լուրջ են վերաբերվում խորհրդարանական ու նախագահական ընտրություններում թույլ տրված խախտումներին, քան մարզերի բնակիչները:
Մոսկվայի ու մարզերի տարբեր հայացքների հիմնական գործոնն այն է, որ հարցվածների մեծ մասը բնակվում է փոքր քաղաքներում ու գյուղերում, որտեղ մարդիկ լուրեր են դիտում միայն Կրեմլի կողմից վերահսկվող հեռուստաալիքներով: «Շատերը չունեն ինտերնետին հասանելիություն, այդ իսկ պատճառով նրանք, հավանաբար, չգիտեն էլ, թե ով է Ալեքսեյ Նավալնին (ընդդիմադիր ակտիվիստ)»,- ասվում է հոդվածում:
Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Միխեևի կարծիքով` տնտեսական խնդիրները պետք է առավել երկար ու խորը տևեն, որ «կարողանան» փողոց հանել մարզերի բնակիչներին:
Սակայն հարցվածների մեծ մասը կարծում է, որ Ռուսաստանը 2000թ.-ին Պուտինի` իշխանության գալուց ի վեր (Պուտինի նախագահման առաջին ժամկետը) ամրապնդել է իր դիրքերը միջազգային ասպարեզում:









