Ջավախքի ընդդիմադիրների հետապնդումները կարող են քաղաքական ենթատեքստ ունենալ. Շիրակ Թորոսյան
Ձերբակալության վտանգը դամոկլյան սրի նման կախված է ջավախքցի որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների գլխին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում Ջավախքի ընդդիմադիր շտաբին հարող Գեորգի Մխչյանը կալանավորված է 2000–ական թվականների սկզբին հատկացված շենքի գործարքի հետ կապված անօրինականությունների գործով, իսկ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մելիք Ռաիսյանի՝ Ջավախքի ընդդիմադիր շտաբի պետի նկատմամբ նույն մեղադրանքով այսօր հարուցված է քրեական գործ և հայտարարված է հետախուզում:
Նշելով, որ ինքը դատավորի կեցվածք չի ցանկանում ընդունել և ասել՝ կա՞ն, թե ոչ իրավական հիմքեր նշված քրեական գործում, «Ջավախք» հայրենակցական միության նախագահը հայտարարեց. « Այդ շենքը տրամադրվել էր ընդդիմությանը և այս երկու անձինք մեղադրվում են, թե օրենքի խախտումներով է այս ամենը տեղի ունեցել: Գուցե դրա հիմքում իրական փաստեր կան: Սակայն երբ 2000–ական տեղի ունեցած գործարքների մասին տեղեկացվում է այսօր, երբ այսօր այդ մարդիկ ընդդիմադիր կեցվածք են ընդունել, կարելի է եզրակացնել, որ դատական հետապնդումները, փաստորեն, կարող են քաղաքական ենթատեքստ ունենալ»:
Շիրակ Թորոսյանը, հիշեցրեց, որ երեկ վրաց իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումներ իրականացնելու մասին «խիզախաբար հայտարարեց» տասը տարվա ազատազրկման դատապարտված Վահագն Չախալյանը:
«Սա մի քայլ է, որն ուղղված է ջավախահայության քաղաքական իրավունքների հետագա սահմանափակմանը, Ջավախքում լարվածության խորացմանը։ Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու այս գործելաոճը հատուկ է միայն իշխանությունը ամեն գնով պահպանել ձգտող ավտորիտար և բռնապետական ռեժիմներին»,– N1 քրեակատարողական հիմնարկից հայտարարել էր Վահագն Չախալյանը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող ջավախահայ գործիչների նկատմամբ բոլոր ճնշումներն ու հետապնդումները:
ՀՀԿ խմբակցության պատգամավորը հիշեցրեց, որ Վրաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ քաղաքական հետապնդումների իրականացման մասին ժամանակին դեռ հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Ժվանիան և խորհուրդ տվեց սպասել Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի հայտարարությանը:
Անդրադառնալով Վրաստանի նոր վարչապետի գործունեության հնարավոր ազդեցությանը Ջավախքի նկատմամբ իրականացվող քաղաքականության նկատմամբ, Շիրակ Թորոսյանը նկատեց, որ Վանո Մերաբիշվիլին ուժեղ անձնավորություն է և մինչ այժմ աչքի է ընկել հաջողված բարեփոխումներով, սակայն դրանք չեն վերաբերել Ջավախքի խնդիրներին:
Շիրակ Թորոսյանը հուսով է, որ Վրաստանի նոր վարչապետը քաղաքական կամք կդրսևորի և դրանց արժանի ուշադրություն կդարձնի:
Ըստ բանախոսի՝ Ջավախքում խիստ արդիական է հայոց լեզվի դասաժամերի էական պակասեցման և հայերենի հաշվին վրացերենի դասաժամերի ավելացման խնդիրը:
Շիրակ Թորոսյանը վրաց իշխանությունների, այլ ոչ ջավախահայության մեղավորությունն է տեսնում նրանում, որ Ջավախքի երեխաները չեն տիրապետում վրացերենին: Իսկ որ դա արվում է հայերենի հաշվին, առհասարակ, Թորոսյանի համար անընդունելի է:
Նա նշեց, որ լեզվական ճնշումները նույնիսկ զավեշտալի դրսևորումներ են ունենում: Օրինակ՝ նախորդ տարի հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի «տերյանական օրերն» անցկացվել են ռուսերենով: Այն դեպքում, երբ խորհրդային տարիներին Վահան Տերյանի օրերն անցկացվել են պետական մակարդակով. Վրաստանի Կոմկուսի կենտկոմի որոշմամբ դրանք մտցված են եղել տոնացույցի մեջ:
Շիրակ Թորոսյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին նամակ է հղել, որում կոչ է արվում տերյանական օրերը ներառել ՀՀ մշակութային պետական ծրագրերի մեջ և այս հարցով բանակցություններ վարել վրաց գործընկերոջ հետ:
Առաջիկայում Ջավախքի մշակութային ամենակարևոր իրադարձություններն են տերյանական պոեզիայի և Ջիվանու երգի տոնի օրերը:









