Հայտնի տեսանյութի միջի անչափահաս աղջիկներից որոշները հաշվառվել են. Նելլի Դուրյան
Մի քանի ամիս առաջ YouTube-ում հայտնված երկու տեսանյութերը, որտեղ հայ անչափահաս աղջիկները միմյանց ծեծի էին ենթարկում ու հայհոյում, մեծ աղմուկ հանեց: Այս կապակցությամբ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ոստիկանության ՔՀՎ երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը տեղեկացրեց, որ առաջին դեպքում անչափահաս աղջիկները վերցվել են հաշվառման:
«Նրանք հաշվառվել են, բայց քրեական գործ չի հարուցվել, քանի որ դեռևս նյութեր են նախապատրաստվում, իսկ երկրորդի դեպքում բողոքի բացակայության պատճառով նյութերը մերժվել են»,-ասաց նա:
Նելլի Դուրյանը հույս հայտնեց, որ այս երկու դեպքերը դաս կլինեն մյուս անչափահասների համար: Նա վստահեցրեց, որ երկու դեպքերում էլ անչափահասների ընտանիքների հետ ոստիկանությունը աշխատանքներ է տարել, իսկ հաշվառված աղջիկների հետ կանխարգելիչ աշխատանքներ են տարվում ոստիկանության կողմից:
2012թ-ի առաջին երեք ամիսների տվյալներով քրեական պատասխանատվության է ենթարկվել 4 աղջիկ և 70 տղա:









