ՄԱԿ-ը մտադիր է քննիչներ ուղարկել Սիրիա

10:09 • 03.07.12

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Պիլեյը պատրաստակամություն է հայտնել Սիրիա ուղարկել փորձագետների խմբի` պաշտոնական Դամասկոսի հայտարարությունները հետաքննելու համար, որոնց համաձայն` խաղաղ բնակիչների սպանությունների համար պատասխանատու են ահաբեկիչները:


«Սիրիայի կառավարությունը պետք է թույլ տա անկախ փորձագետների մուտքը երկիր, որպեսզի նրանք կարողանան հաստատել դա»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցկացված փակ խորհրդակցություններից հետո ասել է Պիլեյը:


Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը,  գերագույն հանձնակատարը նշել է, որ քաղաքացիական անձանց սպանությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:


«Ես կրկին կոչ եմ արել Անվտանգության խորհրդին սիրիական խնդիրը հասցնել Միջազգային քրեական դատարան: Կարծում եմ`գոյություն ունեցող ապացույցները փաստում են մարդկության դեմ հանցագործությունների մասին»,-ասել է նա:


Սիրիայում տիրող իրավիճակը հետաքննող անկախ հանձնաժողովը, ըստ նրա, մարդու իրավունքների լրջագույն խախտումներ է հայտնաբերել ինչպես կառավարության, այնպես էլ ընդդիմության կողմից:
Կառավարական զորքը պատասխանատու է բնակելի թաղամասերի կրակահերթի, ապօրինի ձերբակալությունների, կտտանքների համար, իսկ ընդդիմադիր զորքը վերացնում է կառավարության համար տեղեկություններ հավաքողներին, հաճախ է կիրառում պայթուցիկ սարքեր և երեխաների է օգտագործում որպես «վահան»:


Նա նշել է, որ բնակիչների պաշտպանության առումով կարևոր դեր ունի ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը: Առաքելության մանդատն ավարտվում է, և կառույցի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը պետք է հանդես գա առաջարկով, թե ՄԱԿ-ն ինչպիսի՞ ձևաչափով պետք է շարունակի իր գործունեությունը Սիրիայի տարածքում: