Իսպանիայում անտառային հրդեհի մարման ժամանակ 2 ուղղաթիռ է կործանվել
Երկու ուղղաթիռ է կործանվել իսպանական Վալենսիայում խոշոր անտառային հրդեհի մարման ժամանակ, դրանցից մեկի օդաչուն զոհվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Առաջին ուղղաթիռի աղետը տեղի է ունեցել Վալենսիայի Յատովա բնակավայրի ջրամբարից ջրով լիցքավորման ժամանակ: Անսպասելիորեն ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ջուրն է ընկել: Օդաչուն զոհվել է:
Երկրորդ ավիավթարը տեղի է ունեցել առաջինից 30 րոպե անց, երբ Վալենսիայի պատմության վերջին 20 տարիների ամենախոշոր անտառային հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված ուղղաթիռը կորցրել է տարածության մեջ կողմնորոշումը և կործանվել է այդ հատվածում: Օդաչուները փրկվել են:
Արդեն 4-րդ օրը մոլեգնող հրդեհը փորձում են տեղայնացնել: Կրակի հետ պայքարին ավելի քան 2 հազար հրշեջ, զինծառայող և կամավոր է ներգրավված, ինչպես նաև մոտ 50 ուղղաթիռ և ինքնաթիռ, սակայն միայն մի քանի հատվածներում է հնարավոր եղել տեղայնացնել հրդեհը:
Նախնական տվյալներով, կրակը ոչնչացրել է տասնյակ տներ:









