Չարենցի փողոցի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ, տեսանյութ)

15:11 • 03.07.12

Այսօր՝ հուլիսի 3-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14.00-ի սահմաններում Չարենցի 64 շենքի 1-ին բնակարանում պայթյուն է տեղի ունեցել:


Պայթյունի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Հանրապետական այրվածքների կենտրոն: Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Տիգրան Մուրադյանի գլխավորությամբ:


Տեղում են նաև «Հայռուսգազարդ» ՓԲԸ Երևան քաղաքի «Կենտրոն» ծառայության գազի գրասենյակի աշխատակիցները, քանի որ ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը:


Գ. Շամշյանը հայտնում է, որ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ փլուզվել է տան սենյակի պատերը:


Տեղում են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ջոկատի մեծ թվով աշխատակիցներ՝ հրամանատար Սարգիս Բիձյանի գլխավորությամբ, թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Մանվել Ավետիսյանի, Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ-խումբը ՝ Սամվել Ռշտունու, ինչպես նաև հրշեջ ծառայության փրկարարները:

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոն քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Հայկ Ավագյանի գլխավորությամբ:


Նշված բնակարանում տեղադրված է նաև գազի ազդանշանային սարքը, որը հոսանքից անջատված է եղել և այդ պատճառով գազի փականը չի փակվել:


Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ իր տեղեկություններով բնակարանը պատկանում է Ալբերտ Լալայանին, սակայն նշված բնակարանում վարձակալական հիմունքներով ապրում էին ամուսիններ, ովքեր պարսկահայեր էին, և ամուսինը Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի Ալեն Ղարամանյանն է, իսկ կնոջ անունը Արշին է:

 

 Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի