Հայաստանը Եվրոպային մոտեցնելը կիրականացվի, երբ հասարակության լայն շերտերն ընկալեն գործընթացը. Հերման վան Ռոմպոյ
Հայաստանը Եվրոպային մոտեցնելը կիրականացվի, երբ այդ գործընթացն ընկալվի հասարակության լայն շերտերի կողմից և ստանա նրա աջակցությունը, այս մասին այսօր հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը «Հայաստանը Եվրոպայում» համաժողովի ընթացքում։
Եվրոպական խորհրդի նախագահը նաև նշեց, որ մեծ ակնկալիքներ ունի համաժողովից, որը հնարավորություն կտա ևս մեկ անգամ ներգրավել քաղաքացիական հասարակության ուշադրությունը և մասնակցությունը Եվրոպայի հետ նոր հարաբերությունների կերտման գործում:
«Քաղաքացիական հասարակությունը պետք է հետևողական լինի Հայաստանի իշխանությունների կողմից՝ բարեփոխումներ իրականացնելու հանձնարարությունն իրականացնելու հարցում»,– ասաց նա:
«Քաղաքացիական հասարակությունը պետք է ակտիվություն դրսևորի երեք գործառույթներում՝ պետք է մշտադիտարկի բարեփոխումները, պահանջի հաշվետվողականություն և մասնագիտանա: Նման գործունեությունը պետք է իրականացվի երկրի կենսագործունեության բոլոր ոլորտներում» ,-ընդգծեց նա:
Համաժողովը կազմակերպել էր «Արևելյան գործընկերության» Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը և Եվրոպական հետազոտությունների կենտրոնը ՀՀ կառավարության ընդունելությունների տանը:
Հերման վան Ռոմպոյը խիստ կարևորություն տվեց ազգային փոքրամասնությունների ակտիվ ներգրավվածությանը բարեփոխումների գործընթացներում:
«Մենք կշարունակենք տրամադրել ֆինանսական աջակցությունը քաղաքացիական հասարակությանը՝ իրական բարեփոխումների՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության կայացման հարցերում»,- ավելացրեց նա:
Եվրոպացի պաշտոնյան տեղեկացրեց, որ առաջիկայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և խորհդարանականների հետ հանդիպմանը կքննարկի եվրոպական արժեհամակարգի վրա բարեփոխումների արդյունավետությունը, մասնավորապես՝ ժողովրդավարության ինստիտուտների կայունացման, կոռուպցիայի դեմ պայքարի, թափանցիկ ընտրությունների անցկացման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ հարցերում:
«Անելիքները դեռ շատ են: Բայց որքան հզոր լինի բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամությունը, այդքան ավելի շատ կարող եք ապավինել Եվրամիությանը», - ընդգծեց նա:
Եվրոպական խորհրդի նախագահը անդրադարձավ նաև ՀՀ ընտրություններին և նշեց, որ գործընթացը կատարելագործելու համար որպես ուղեցույց պետք է հետևել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցին և կառույցի նշված դիտարկումներին: Նա հույս հայտնեց, որ մինչև առաջիկա նախագահական ընտրությունները լուրջ դրական տեղաշարժեր կգրանցվեն:
Խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ՝ վան Ռոմպոյը նշեց, որ քաղաքացիական հասարակությունը պետք է նպաստի նաև Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
«Առանց հասարակությունների ներգրավման, բանակցությունները կարող են ձախողվել: Հասարակությունների միջև երկխոսությունը կարևոր է տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու հարցում: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին և առաջարկում ենք մեր աջակցությունը բարձր ներկայացուցչի միջոցով, որը կոչված է դյուրացնելու իրավիճակը»,- ասաց նա և ավելացրեց, որ Եվրոպական խորհուրդը պատրաստ է ցուցաբերել օգնություն տարածաշրջանում կայունությունն ամրապնդելու համար:









