Թբիլիսիի մոտակայքում տեղի է ունեցել քլորի արտահոսք. 70 մարդ հոսպիտալացվել է
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մերձակա Լիլո գյուղում գտնվող ձեռնարկություններից մեկում լույս հուլիսի 4-ի գիշերը տեղի է ունեցել քլորի արտահոսք, ինչի հետևանքով հոսպիտալացվել է 70 մարդ: Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները` վկայակոչելով քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությանը, տարբեր աստիճանի թունավորում են ստացել մոտակա տների բնակիչները, ինչպես նաև անցորդներ: Հոսպիտալացվածների թվում կան շատ երեխաներ, նաև հղի կին:
Նախապես հաղորդվում էր 12 տուժողի մասին, ավելի ուշ` 36, այնուհետ` 56 տուժողի մասին: Երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ու Առողջապահության նախարար Զուրաբ Չերաբիաշվիլին այցելել են բոլոր հոսպիտալացվածներին:
Ճշտված տվյալներով` քլորի արտահոսքը տեղի է ունեցել ձեռնարկությունում պահվող 800 լիտրանոց տարայից: Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության` տարայի սեփականատերն է Իրանի ջրամատակարարման մասնավոր մի ընկերություն:









