Գերմանացի զույգը ռեստորանում պատվիրած ծովախեցգետիններին բաց է թողել ծովը
Սարդինիա կղզի ճամփորդության մեկնած գերմանացի զույգը ռեստորաններից մեկում կենդանի ծովախեցգետիններ է պատվիրել ու դրանք բաց թողել ծովը, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը` վկայակոչելով իտալական լրատվամիջոցներին:
Ռեստորանի շեֆ-խոհարարի խոսքով` գերմանուհի այցելուն միանգամից ուշադրություն է դարձրել սրահում ներկայացված ծովախեցգետիններին:
«Նա մոտեցավ ինձ ու հարցրեց, թե դրանք կենդանի՞ են դեռ և կարո՞ղ է գնել դրանք»,- պատմել է խոհարարը:
Ռեստորանը համաձայնել է վաճառել ծովախեցգետիններին (թիվը հայտնի չէ) 500 եվրոյով:
Այցելուներից մեկը զույգին ասել է, որ դրանք ազատության մեջ հնարավոր է չապրեն, սակայն դա զույգին ետ չի պահել գաղափարից: Ռեստորանի աշխատակիցները ծովախեցգետիններին դրել են հատուկ արկղիկի մեջ, որով զույգը դրանք տարել է ափ ու բաց թողել ծովը:
«Տասը տարի է` աշխատում եմ այստեղ (կղզում), սակայն երբևէ նման բան չեմ տեսել»,- ասել է ռեստորանի տերը:









