Ինչպես հայ գաղթականը փրկեց ԱՄՆ-ի ճակատագիրը վճռած պատմական նավը

11:16 • 04.07.12

ԱՄՆ-ը պատրաստվում է նշել Մեծ Բրիտանիայի դեմ 1812-1814թթ պատերազմի 200-ամյակը՝ մասնավորապես առանձնացնելով «Քոնսթիթյուշըն» հածանավի դերը այդ պայքարում, որը սակայն մետաղաջարդոնի կվերածվեր, եթե չլիներ մի հայ ներգաղթյալ, հայտնում է Armenian Weekly-ն:

 

20-րդ դարի սկզբին բոսթոնահայ Մովսես Գյուլեսյանը հանդես եկավ «Քոնսթիթյուշըն» («Սահմանադրություն». այդպես էր անվանել Ջ. Վաշինգտոնը՝ ի պատիվ ԱՄՆ-ի սահմանադրության) նավը փրկելու նախաձեռնությամբ: Պատերազմի ընթացքում հայտնի էր դարձել նաև Old Ironsides («Երկաթակող ծերունի») անունով, քանի որ հաջողությամբ անդրադարձրել էր բրիտանական նավերից արձակված գնդակները:

 

Գյուլեսյանը Մարաշից էր: 1883-ին առանց գումարի հասել էր Նյու Յորք, ապա հաստատվել Բոսթոնում, որտեղ պղնձագործական հաջող բիզնես էր սկսել: 1900թ-ին նահանգային իշխանությունները նրան հանձնարարել էին Նահանգի ժողովի շինության խորհրդանիշեր փայտյա առյուծն ու միաեղջյուրը փոխարինել պղնձե նմուշներով: Այսօր սակայն, Գյուլեսյանը ավելի հայտնի է «Քոնսթիթյուշըն» ռազմանավը փրկելու իր գործով:

 

Սա ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի նավարկության պատրաստված առաջին նավն է եղել: Համարվում է նաև գործող հնագույն առագաստանավն աշխարհում: Մինչ օրս հաշվառված է ամերիկյան նավատորմի մարտական կազմում:

 

1905-ին Գյուլեսյանը հետևյալ հեռագիրն էր հղել Ռազմածովային Ուժերի քարտուղար Ջ. Բոնապարտին. «10 000 դոլար կտամ «Քոնսթիթյուշըն»-ի՝ Old Ironsides-ի դիմաց: Վաճառո՞ւմ եք»:

Առաջարկը տարածվել էր ամերիկյան թերթերում: Իսկ մի լրագրող կարծիք էր հայտնել, որ այդ նավը կարող է մտահոգության տեղիք տալ Թուրքիայի սուլթանին, եթե հայի վաճառվի:

«Լավ կատակ կլիներ, եթե նրանք հավատային, որ հին հածանավը կարող է մի գիշեր դուրս սողոսկել Բոսթոնից և Միջերկրական ծով նավարկել՝ ռմբահարելու Թուրքիայի որոշ անպաշտպան նավահանգիստներ», - պատասխանել էր Գյուլեսյանը:

 

Գյուլեսյանի ջանքերին սատարել էր ամերիկյան հասարակությունը: Երկրի ճակատագիրը վճռած նավի փրկության գործում ունեցած դերի համար Գյուլեսյանը ընտրվեց Old Ironsides-ի ընկերակցության նախագահ: Հետագայում նա դարձավ «Ամերիկյան հեղափոխության զավակներ» ազգային ասոցիացիայի առաջին արտասահմանցի անդամը:

 

1812-1814թթ բրիտանա-ամերիկյան պատերազմը ամերիկացիներն անվանեցին Անկախության երկրորդ պատերազմ, որը հաստատեց ԱՄՆ-ի կարգավիճակը՝ որպես ինքնիշխան տերություն: