Պակիստանը վերականգնում է Աֆղանստանում ամերիկյան զորքերի համար բեռների տարանցումը
Պակիստանի իշխանությունները համաձայնել են վերականգնել Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի համար նախատեսված բեռների տարանցումը երկրի տարածքով: Այս մասին Պակիստանի արտաքին գործերի նախարար Խինա Ռաբանի Խարի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Ինչպես հիշեցնում է BBC-ն, Իսլամաբադը դադարեցրել էր բեռների տարանցումն նախորդ տարվա նոյեմբերին, երբ ամերիկյան ավիահարվածի հետևանքով զոհվել էր 24 պակիստանցի զինծառայող:
Քլինթոնը հայտնել է, որ պակիստանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում նա ներողություն է խնդրել զինծառայողների մահվան համար:
«Նախարար Խարն ու ես խոստովանեցինք սխալները, որոնք հանգեցրին պակիստանցի զինծառայողների մահվան: Մենք խորապես ցավում ենք այդ կորուստների համար և ձգտում ենք համագործակցել Պակիստանի ու Աֆղանստանի հետ` խուսափելու համար նման դեպքերի կրկնությունից»,- ասել է նա:
Պակիստանցի նախարարը հաստատել է, որ, նախկինի պես, բեռնափոխադրումների համար իր տարածքը կտրամադրի անվճար:









