ՌԴ ՊՆ-ն դադարեցնում է Տաջիկստանում տեղակայված ռազմաբազայի ֆինանսավորումը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը գումար չի տրամադրի Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռուսական ռազմաբազայի զարգացման համար, քանի դեռ Մոսկվան և Դուշանբեն չեն պայմանավորվել ռուս զինվորականների տեղակայման մասին մինչև 2014թ.: Այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հուլիսի 3-ին հայտնել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը:
«Այդ բազայի շուրջ բանակցային գործընթացը բարդ է ընթանում: Մենք հույս ունենք, որ առողջ բանականությունը ամեն դեպքում կգերակայի», - հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:
Ռուսաստանն ու Տաջիկստանը պետք է պայմանավորվածություն ձեռքբերեին Դուշանբեում, Կուրգան-Տյուբեում և Քուլյաբեում ռուսական ստորաբաժանումների տեղակայման մասին 2012թ. առաջին եռամսյակում:
«Ցավոք սրտի, դա տեղի չի ունեցել: Տաջիկստանը հանկարծակի համառացել է, և մենք ստիպված էինք դադարեցնել բազայի կահավորմանն ուղված ֆինանսավորումը», - բացատրել է գեներալը:
Դուշանբեն Մոսկվային ավելի քան 20 պահանջ է ներկայացրել, որոնք, բացի այդ, անդադար փոփոխվում են և հիմնականում Ռուսաստանի համար անընդունելի են:
«Մասնավորապես, բազայի տեղակայման ժամկետների մասով, սկզբում առաջարկվում էր սահմանափակվել 10 տարով, ապա` 20, ապա առավելագույնը` 29: Դրանից հետո ցանկացան անվճար ստանալ ռազմատեխնիկան և զինամթերքը: Համանման անընդունելի առաջարկներ են արվում նաև բազայի հետ կապված ֆինանսական հարցերում: Մի խոսքով, «արևեյլան առևտրի» է վերածվել բանակցությունը, որի ավարտը դեռ չի նշմարվում», - ասել է բանակցությունների մասնակից գեներալ Չիրկինը «Ինտերֆասին» տված հարցազրույցում:









