Ռուսաստանը ՀՀՊ ծրագրի շուրջ կարող է ստանալ երաշխիք` միայն հայտարարության տեսքով. ԱՄՆ

09:03 • 04.07.12

Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգեր տեղակայելու ամերիկյան ծրագրի` Ռուսաստանի դեմ ուղղված չլինելը չի կարող երաշխավորվել իրավականորեն, սակայն Վաշինգտոնը պատրաստ է Մոսկվային առաջարկել այս հարցի շուրջ համագործակցության քաղաքական ծրագիր և հետագայում ձևակերպել համակարգի` երկրի կողմն ուղղված չլինելու վերաբերյալ հայտարարություն: Այս մասին, vz.ru-ի հաղորդմամբ, Փարիզում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի` համաձայնագրերի ստուգման ու կատարման վերահսկման հարցերով տեղակալ Ֆրենկ Ռոուզը:

 

«Կարևոր է, որպեսզի Ռուսաստանը նույնպես ընդգրկվի ՀՀՊ համակարգում` կողք կողքի աշխատելով ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ: Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի միջև սերտ համագործակցությունը Ռուսաստանի համար լավագույն ու ամենահուսալի միջոցն է ստանալու ապացույց այն մասին, որ Եվրոպայում ՀՀՊ ծրագիրն ունակ չէ խոցել իր զսպման համակարգը»,- ասել է Ռոուզը:


Նրա ելույթի տեքստը հրապարակել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը: Ըստ նրա` ոչ ոք չի խնդրում Ռուսաստանին կուրորեն հավատալ ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին:

«Համագործակցելով մեզ հետ` ռուսական կողմն իր աչքով կտեսնի, որ ՀՀՊ համակարգը չի կարող իրեն հասցնել և ոչ մի վնաս»,- ասել է նա` հավելելով, որ եռակողմ համագործակցությունը նաև ազդանշան կլինի այն երկրներին, որոնք ձգտում են միջուկային զենքի տարածման:

 

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ն չի կարող բավարարել ռուսական իշխանությունների պահանջները` նրանց տրամադրելով իրավական երաշխիքներ:


«Նման երաշխիքները սահմանափակումներ են մտցնում հետագա ՀՀՊ համակարգերի տեղակայման ու զարգացման հարցում»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:


Նշենք, որ ԱՄՆ-ը ցանկանում է Եվրոպայում ՀՀՊ համակարգ տեղակայել, ինչին դեմ է Ռուսաստանը: Երկրի իշխանություննրը կարծում են, որ այն սպառնում է երկրի տարածքին ու պահանջում են իրավական երաշխիքներ: