«Սիրիայի բարեկամները» ՄԱԿ-ից պահանջում են չբացառել Սիրիայի դեմ ռազմական ուժի կիրառումը

17:46 • 06.07.12

Այսպես կոչված «Սիրիայի բարեկամներ» խմբի անդամ երկրների ներկայացուցիչներն այսօր Փարիզում կայացած հանդիպման ընթացքում կրկին կոչ են արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին լքել պաշտոնը:


Հանդիպման մասնակիցները նաև պայմանավորվել են ուժեղացնել Ասադի ռեժիմի դեմ պատժամիջոցները, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:


Բացի այդ, ավելի քան 100 երկրների արտգործնախարարներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել են վճռական որոշումներ ընդունել Դամասկոսի վերաբերյալ և չբացառել ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի հիման վրա բանաձևի քննարկումը (այն ենթադրում է ռազմական գործողություններ` ուղղված խաղաղության հաստատմանը):

Դիվանագետները պայմանավորվել են նաև «լրջորեն ավելացնել» ապստամբներին օգնության ծավալները, ներառյալ` կապի միջոցների մատակարարումը:


Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը հանդիպմանն ասել է, որ ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ պատվիրակ Քոֆի Անանի առաջարկած ծրագիրը հնարավոր է իրագործել միայն Ասադի հրաժարականի դեպքում:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էլ կոչ է արել հանդիպման մասնակիցներին ճնշում գործադրել Մոսկվայի ու Պեկինի վրա, որոնք, ըստ նրա, զսպում են սիրիական խնդրի կարգավորման հարցում առաջընթացը: Նշենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են Սիրիայում ռազմական գործողություններին: