Ինչո՞ւ է մարքսիզմը վերելք ապրում.The Guardian
Կապիտալիզմն ամբողջ աշխարհում ճգնաժամ է ապրում, իսկ 19-րդ դարի գերմանացի փիլիսոփա Կառլ Մարքսը` դառնում նորաձև, գրում է The Guardian-ի հոդվածագիր Սթյուարթ Ջեֆրիզը` հավելելով, որ միայն Աստծուն է հայտնի` ինչով այն կավարտվի:
164 տարի առաջ Կառլ Մարքսն ու Ֆրիդրիխ Էնգելսը գրեցին «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ը, սակայն այսօր պրոլետարիատը, կապիտալիզմին «թաղողը» դառնալու փոխարեն, «պահում է նրան արհեստական կենսապահովմամբ»:
Ըստ հոդվածագրի` Չինաստանի պատմության մեջ խոշորագույն սոցիալիստական հեղափոխությունից իբր ազատագրված` գերծանրաբեռնված ու ցածր աշխատավարձով աշխատող աշխատակիցներն այսօր «կոտորում» են իրենց միայն այն բանի համար, որ Արևմուտքում մարդիկ կարողանան զվարճանալ ամեն տեսակի iPad-ներով:
«Ամերիկան էլ ապրում է Չինաստանի փողերով, թե չէ արդեն սնանկացած կլիներ»,- գրում է Ջեֆրիզը` մեջբերելով ֆրանսիացի պրոֆեսոր, մարքսիստ Ժակ Ռանսիերին. «Կապիտալիզմի տիրապետությունն իր գոյությամբ այսօր պարտական է Չինաստանի կոմունիստական կուսակցությանը»:
2008թ.-ից արագորեն աճում են «Կապիտալ», «Մանիֆեստ…» և « Քաղաքական տնտեսության քննադատության հիմնական գծերը» աշխատությունների վաճառքի ցուցանիշները:
«Գերմանական Խեմնից քաղաքի Sparkasse բանկի հաճախորդներն իրենց պլաստիկ քարտերի վրա տպելու համար ընտրել են Մարքսի պատկերը: Այժմ այս քարտերի օգնությամբ գերմանացիներն առավել ուժեղ են խրվում պարտքերի մեջ»,- կատակում է հոդվածագիրը` հավելելով, որ Չինաստանում էլ «Կապիտալ» անվամբ մյուզիքլ են բեմադրում:
Իսկ Բրիտանիայի Սոցիալիստական աշխատավորական կուսակցության կողմից ամենամյա դարձած մարքսիստական փառատոնի կազմակերպիչ Ջոզեֆ Չունարան հայտնել է, որ ամեն տարի միջոցառումը ներգրավում է ավելի շատ երիտասարդ մասնակիցների:
«Մարքսիզմի հանդեպ հետաքրքրության վերածնունդը, հատկապես երիտասարդների շրջանում, բացատրվում է նրանով, որ այն գործիքներ է տալիս կապիտալիզմը վերլուծելու համար»,- ասել է նա:
«Մեր կառավարությունը (Բրիտանիայի) շատ-շատ թույլ է: Կարծում եմ, եթե մենք կարողանանք ինչպես հարկն է միավորվել, ապա մեզ կհաջողվի նրանց գահընկեց անել»,- թերթին ասել է 22-ամյա մարքսիստուհի Ջասվինդեր Բլեքուել-–Փելը, իսկ 27-ամյա Օուեն Ջոնսը հավելել է.«Բրիտանիայում արյունալի հեղափոխություն չի լինի, սակայն կարելի է հուսալ, որ կձևավորվի աշխատավոր մարդկանց համար հասարակություն»:
«Արևմուտքում մարքսիզմի վերածննդի պատճառն այն է, որ երիտասարդության համար այն աղտոտված չէ ստալինյան ճամբարների մասին ասոցիացիաներով»,- եզրափակում է հոդվածագիրը` մեջբերելով պատմաբան Էրիկ Հոբսբաումին, ով անխուսափելի է համարում պոստկապիտալիզմի դարաշրջանի գալուստը:









