Անհաջող գողության դեպք Շենգավիթում
Հուլիսի 5-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Արթուր Ի.-ն և հայտնել, որ հորաքրոջ տանից գողություն է կատարվել և գողին բռնել են Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից:
Նույն օրը, ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Գարեգին Նժդեհի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արսեն Գ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 13.00-ին, բաց դռնից մուտք է գործել 1942 թ. ծնված Սիլվա Հ.-ի բնակարան և նրա ներկայությամբ հյուրասենյակի աթոռի վրայից բացահայտ հափշտակել Արթուր Ի.-ի հագուստները, որի գրպանում եղել են ավտոմեքենայի և տան բանալիները և 7.000 դրամ:
Արսեն Գ.-ն տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:









