Երևան-Իջևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել. կա երկու վիրավոր (լուսանկարներ)

15:36 • 06.07.12

Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13-ի սահմաններում Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 40 շենքի բնակիչ Արմեն Մովսեսյանը, վարելով «Մերսեդես Ցե 180» մակնիշի 09 ԼՕ 631 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Իջևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:


Վթարի արդյունքում վարորդը և ուղևոր, նույն հասցեի բնակիչ Սուրեն Մովսեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:


Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Արա Գրիգորյանի գլխավորությամբ:


Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի քննչական բաժնի Սևանի քննչական բաժնի քննիչ Արամ Մարտիրոսյանը:


Քննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է Ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանման տարածք: