ԱՄՆ-ում 1967թ. «Մուստանգի» կրկնօրինակը 150-200 հազար դոլար է գնահատվել (տեսանյութ, լուսանկարներ)
ԱՄՆ-ում հայտնի Classic Recreations ընկերությունը, որը մասնագիտացած է նախկինում ճանաչված և սիրված մոդելների վերարտադրմամբ, թողարկել է հազվագյուտ «Մուստանգների» սիրահարների համար հերթական նվերը: Այս անգամ նրանք վերստեղծել են 1967թ. հազվագյուտ Shelby GT500 կաբրիոլետը:
Այդ մոդելը ավտոկոլեկցիոներների շրջանում ամենամեծ պահանջարկ վայելողներից է: Բանը նրանում է, որ ժամանակին Shelby-ն հասցրել էր միայն մեկ նախասերիական տարբերակ արտադրել հատուկ Քերոլ Շելբիի համար:
Մոդելը հոսքագիծ ուղարկել ընկերությունում չեն ցանկացել և պատրաստվում էին ոչնչացնել միակ օրինակը, սակայն այն հեռատեսորեն գողացան:
Այժմ օրիգինալ Shelby GT500 Convertible-ը բնակվում է ԱՄՆ ավտոթանգարաններից մեկում:
Classic Recreations ստուդիան պնդում է, որ իրենց GT500CR միակ լիցենզավորված կրկնօրինակն է այդ կաբրիոլետի, որի թողարկման թույլտվությունը տվել էր անձամբ Քերոլ Շելբին:
Կաբրիոլետը համալրված է 7լ աշխատանքային ծավալով ձեռքի հավաքմամբ շարժիչով, ժամանակակից ընթացային մասերով և ձեռքի աշխատանքով ստեղծված սրահով: Յուրաքանչյուր օրինակը սեփական համարն ունի` «մայրական» Shelby ընկերությունից:
Ընկերությունը թողարկում է կրկնօրինակի երկու տարբերակ միևնույն շարժիչով, սակայն մեկը մթնոլորտային, մյուսը կոմպրեսորային տարբերակով, որոնք զարգացնում են 545 և 780 ձիաուժ համապատասխանաբար:
Մոդիֆիկացիաները տարբերվում են նաև գներով: Եթե բազային 545 ձիաուժանոց կաբրիոլետը գնահատված է 149 հազար ԱՄՆ դոլար, ապա 780 «ձիերով» շարժման մեջ դրվող 1967թ. մեքենայի կրկնօրինակի համար պետք է վճարել նվազագույնը 199 հազար ԱՄՆ դոլար:









