Երևան-Արտաշատ ավտոճանապարհին «ԳԱԶ 24»-ը «ԲՄՎ Իքս 5»-ի հարվածի արդյունքում հայտնվել է ջրատարում. կա 4 վիրավոր
Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05.30-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Ռուբեն Զոհրաբյանը, վարելով «ԲՄՎ Իքս 5» մակնիշի 97 DD 009 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում, հարվածել է «ԳԱԶ 24» մակնիշի 54 ԼՕ 332 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ԳԱԶ 24»-ը հայտնվել է ճանապարհամերձ ջրատարի մեջ:
Վթարի արդյունքում «ԳԱԶ 24»-ի վարորդ Մասիս քաղաքի բնակիչ 40-ամյա Արմեն Դանիելյանը, ուղևորներ, նույնպես Մասիս քաղաքի բնակիչներ, 45-ամյա Ցողիկ Թովմասյանը, 30-ամյա Տաթևիկ Թովմասյանը և 32-ամյա Արմինե Գրիգորյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի քննիչ Շիրակ Խաչատրյանը:
Քննիչի հանձնարարականով երկու մեքենաներն էլ տեղափոխվել են Ոստիկանության Մասիսի բաժնի հատուկ պահպանման տարածք:









