«Մերսեդես»-ի վարորդը վրաերթի է ենթարկել հեծանվորդին և բախվել է «Վազ 21074»-ին
Այսօր՝ օգոստոսի 7-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արմավիր մարզի Փշատավան գյուղի բնակիչ, 24-ամյա Սարգիս Սարգսյանը, վարելով «Մերսեդես Բենց 190» մակնիշի 06 ՍՍ 771 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրին՝ Զվարթնոց թաղամասի տարածքում, վրաերթի է ենթարկել հեծանվորդին: Վրաերթը տեղի ունենալուց հետո Ս. Սարգսյանը «Մերսեդես»-ով բախվել է 54-ամյա Հապետ Տոներյանի վարած «Վազ 21074» մակնիշի 77 ՍՍ 110 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Ժամանել էր նաև հետաքննիչ Մհեր Հակոբյանը:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Գոռ Ավանեսյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաներն ու հեծանիվը տեղափոխվեցին Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանման տարածք:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի










