«Գազելները» բախվել են իրար, որից հետո` վրաերթի ենթարկել 2 քաղաքացու

21:30 • 07.08.12

Այսօր` օգոստոսի 7-ին, վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում` «Այրարատ» կինոթատրոնի դիմաց, բախվել են թիվ 74 երթուղին սպասարկող «ԳԱԶ 32213» մակնիշի 1283 Տ համարանիշի և նույն մակնիշի թիվ 76 համարի երթուղին սպասարկող 1034 Տ համարանիշի ավտոմեքենաները:


Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո թիվ 76 համարի երթուղայինի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել մայթում կանգնած հետիոտներ` Արմավիր քաղաքի բնակիչ, 58-ամյա Գրետա Մամիկոնյանին և Երևանի բնակիչ, 22-ամյա Տաթևիկ Պանյանին:


Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ովքեր պարզել են, որ թիվ 74 երթուղային ավտոմեքենան վարել է 38-ամյա Արտեմ Ղամբարյանը, ով աշխատում է «Յագո Տրանս» ՍՊԸ-ում` որպես վարորդ, իսկ 76 երթուղու վարորդը վթարի վայրից դիմել է փախուստի:


Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանը:


Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանման տարածք:


Քննիչի հանձնարարականով Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ միջոցառումներ` հայտաբերելու համար վթարի վայրից փախուստի դիմած վարորդին:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի