Բացահայտվել է Գրոզնիում ահաբեկչություն իրականացրած մահապարտների ինքնությունը
Ռուսաստանի իրավապահները պարզել են ՌԴ Գրոզնի քաղաքի Օկտյաբրսկի շրջանում ահաբեկչություն իրականացրած անձանց ինքնությունը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով Չեչնիայի իրավապահներին:
«Իրականացված օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել ահաբեկիչների ինքնությունը: Հարձակումը իրականացրել են 1990թ. ծնված Յուսուպ Գեխայևը և 1983թ. ծնված Ալի Դեմիլխանովը»,- հաղորդել են իրավապահները:
Ոստիկանների տվյալներով՝ երկու ահաբեկիչներն էլ դաշնային որոնման մեջ էին նախկինում իրականացրած հանցագործությունների համար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Գրոզնիի «Վոյենտորգ» խանութի մուտքի մոտ երկու պայթյուն տեղի ունեցավ, որոնց հետևանքով զոհվել էին ՌԴ ՆԳՆ Ներքին զորքերի 3 զինծառայողներ, ևս 3-ը վիրավորվել էին:
Ավելի վաղ, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ ահաբեկչության կազմակերպիչներ կարող են լինել Մուսլիմ և Հուսեյն Գակաև եղբայրները:










