Մոմավառություն «Հարսնաքարի» մոտ՝ Վահե Ավետյանի մահվան քառասունքի առիթով (լուսանկարներ, տեսանյութեր)

19:44 • 07.08.12

Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի օրվա կապակցությամբ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց այս պահին հավաքված են քաղաքական գործիչներ, քաղաքացիական-հասարակական նախաձեռնության անդամներ՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ մոմավառություն իրականացնելու նպատակով:


Հավաքված քաղաքացիների շարքում են Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Լարիսա Ալավերդյանը, «Սարդարապատ» նախաձեռնության անդամներ Գարեգին Չուգասզյանը, Տիգրան Խզմալյանը, «Հայ ազգային կոնգրեսի» և բնապահպանական նախաձեռնությունների ակտիվիստներ:


«Այստեղ եկած քաղաքացիները, նախ և առաջ, եկել ենք հարգելու Վահե Ավետյանի հիշատակը, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացի այստեղ է, որպեսզի պետությունը տեր կանգնի իր պարտականությանը, այն է՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և ՀՀ քաղաքացիների միջև օրենքի առաջ խտրականություն չլինի»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց Լիլիթ Գալստյանը:


«Եվ վերջապես, քաղաքացին պետք է պետության կողմից երաշխավորված լինի իր անվտանգության հարցում»,- ավելացրեց Լիլիթ Գալստյանը:


Ակցիայի կազմակերպիչների կողմից մասնակիցներին բաժանվեցին մոմեր։ Տեղում են Երևան քաղաքի ոստիկանության աշխատակիցները, և ժամը 19.50–ի դրությամբ որևէ միջադեպ չի գրանցվել:

Ավելի ուշ քայլերթի մասնակիցները շարժեցին դեպի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատուն, սակայն Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, խոսելով, «Վահե Ավետյան» հասարակական կազմակերպության անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ, պայմանավորվեցին, որ Հայրապետյանի տան մոտ չեն կանգնելու մասնակիցները, այլ ուղիղ երթով անցնելու են դրա մոտով:
 

Նշենք, որ դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն երթի ընթացքում «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը և ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ովքեր «Վահե Ավետյան» նախաձեռնության անդամներ են և մոմավառության մասնակիցներ, քայլերթին մասնակիցների հետ չէին քայլում, այլ նստել էին մի ավտոմեքենա, որն ընթանում էր երթի սկզբից։

Լուսանկարները՝ Pan ArmenianPhoto-ի