Սիրիայի նախկին վարչապետը երկրից փախել է ավտոստոպով. NYT
Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբն իր կնոջ ու 4 երեխաների հետ նախօրեին Հորդանան է փախել ավտոստոպով, գրում է The New York Times-ը:
«Հիջաբը նախապես մշակել էր փախուստի բոլոր դետալները»,- գրում է թերթը` վկայակոչելով ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի բարձրաստիճան մի աղբյուրի: Այնուհետ, ըստ թերթի, լույս օգոստոսի 6-ի գիշերը, մինչ լուսաբաց, վարչապետը դուրս է եկել Դամասկոսից ու «ընտանիքի հետ միասին անցել անապատով` ինչպես գաղթական»:
Ըստ աղբյուրի` նախկին վարչապետի ճանապարհորդությունը սկսվել է պատահական անցնող մեքենան կանգնեցնելով: Նա վարորդից թաքցրել է իր ով լինելն ու խնդրել հասցնել իրեն ու ընտանիքին սահմանային անցակետ, որը մասամբ հսկում են ընդդիմադիրները, որտեղից էլ հատելով սահմանը` հայտնվել է Հորդանանում:
Ավելի վաղ Associated Press-ը հայտնում էր, որ Հիջաբը սկսել է ծրագրել իր փախուստը դեռ հունիսին վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո: Ըստ թերթի` Հիջաբի ներկայացուցիչ Մուհամեդ Օթարիի խոսքով` իբր Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նրան ստիպողաբար է առաջարկել պաշտոնը:
«Նա ասաց նրան (Հիջաբին)` «կամ դու կստանձնես պաշտոնը, կամ քեզ կսպանեն»»,- ասել է ներկայացուցիչը:
Այսօր ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիք Վենթրելը, մեկնաբանելով նախկին վարչապետի Հորդանան փախուստը, հայտնել է, թե «այս դեպքը ցույց է տալիս, որ Ասադի ռեժիմն աստիճանաբար փլուզվում է»:
Իսկ Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ- Զուաբին լրագրողներին ասել է, որ բարձրաստիճան պաշտոնյաների փախուստը ոչ մի կերպ չի վնասի պետությանը: Նա նախօրեին պաշտոնանկ արված վարչապետին անվանել է դավաճան:










