Մինսկում սպանվել է Վրաստանի նախկին պատգամավոր Բոնդո Շալիկիանին
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում սպանվել են Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Բոնդո Շալիկիանին և նրան ուղեկցող «կովկասյան արտաքինով» տղամարդը, հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Վրաստանի նախկին պատգամավոր Վալերի Գելբախիանին, ով Բելառուսում հանդիպել է Շալիկիանիի հետ, հայտնել է, որ սպանությունը պատվիրված է եղել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես առավոտյան զանգահարեցի Մինսկում բնակվող իմ ընկերներին, և նրանք ինձ հայտնեցին, որ Շալիկիանիին սպանել է քիլերը: Նրա մահվան մասին այլ տեղեկություններ ինձ հայտնի չեն»,- ասել է նա:
Շալիկիանին համարվում էր Իմերեթի մարզի առավել ազդեցիկ դեմքերից մեկը: Նա կառավարում էր նավթամթերքների բիզնեսն ու «Քութայիսի» հեռուստաընկերության սեփականատերն էր: Նա տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում` Իմերեթիի նախկին մարզպետի կողմից բազմիցս մեղադրվել է քրեական աշխարհի հետ կապեր ունենալու մեջ:










