Արգենտինայում ղեկին ծխելու համար կարող է ազատազրկում սպառնալ

23:23 • 08.08.12

Արգենտինայի խոշորագույն քաղաքներից Կորդոբայում ավտոմեքենայի ղեկին ծխելը հավասարեցվել է ալկոհոլին: Խոշոր տուգանքներ են սահմանվել ոստիկանների կողմից վարորդի մոտ ծխախոտ նկատելու դեպքում: Ավելին` ծխելու համար կարելի է բանտ ընկնել:


Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, վարորդներին ավտոմեքենայի ղեկին ծխելը արգելելու նախաձեռնությամբ հանդես են եկել քաղաքի իշխանությունները: Ի դեպ, Կորդոբան բնակիչների թվով երկրորդ է Արգենտինայում, մայրաքաղաք Բուենոս-Այրեսից հետո:


Օրինախախտ վարորդները կտուգանվեն 500 պեսոյով (111 դոլար): Հաղորդվում է, որ պատիժը կարող է նաեւ 15-90 օր ազատազրկում ենթադրել:

Երկրորդ անգամ միևնույն խախտման համար տուգանքը կարող է կրկնապատկվել կամ վարորդին երկու տարով կզրկեն վարորդական իրավունքից:


Արգելքի հեղինակները վստահ են, որ ծխախոտով վարորդը նույնքան վտանգավոր է, որքան ոչ սթափ վիճակում գտնվողը:
Որպես հաստատում մեջբերվում են վիճակագրության տվյալները, որոնց համաձայն ծխախոտի ծուխը ներշնչելը վարորդից 3 վայրկյան է խլում, այդ ընթացքոմ մեքենան միջինը 70 մետր է անցնում, իսկ ծխախոտը խանգարում է ուշադիր հետևել ճանապարհին:

Առավել մեծ վտանգ կարող է ներկայացնել հագուստի վրա թափված մոխիրը կամ ծխախոտը: Այդ դեպքում վարորդն առհասարակ կարող է թողնել մեքենայի ղեկն ու ոտքերի տակ փնտրել վառված ծխախոտը: