Պերմում տաջիկների հետ ծեծկռտուք սկսած հային ցանկանում են արտաքսել. Նոր մանրամասներ
Պերմաբնակ հայը, որի կռիվը տաջիկի հետ վեր էր ածվել զանգվածային ծեծկռտուքի և ազգամիջյան բախման, կարող է արտաքսվել Ռուսաստանից, հայտնում է Perm Times-ը՝ տեղի ոստիկանության հայտարարության հիման վրա:
Պարզվել են նաև բախման պատճառի մանրամասները. Պերմի 21-ամյա բնակչուհին (նախնական տեղեկություններով՝ հայուհի) երեկոյան զբոսնելիս է եղել Հայաստանից իր ընկերոջ հետ: Ճանապարհին նրանց հանդիպել է երիտասարդ տաջիկ: Աղջիկը ընկերոջը բողոքել է, թե ժամանակին տաջիկը կոպտել է իրեն:
Հայաստանցին սկսել է հաշիվներ պարզել, ապա նրանց միացել են իրենց հայրենակիցները. Ի վերջո մոտ 50 մարդ է հավաքվել: Զանգվածային ծեծկռտուք է սկսվել:
Կռվողներին բաժանելու համար մոտ 100 իրավապահ է եկել, այդ թվում՝ հատուկջոկատայիններ: Ձերբակալվել է 44 մարդ, այդ թվում՝ Պերմի երկրամասում Տաջիկական համայնքի ղեկավարի բարեկամները:
Ծեծին մասնակցել է նաև հայաստանցու ընկերուհին. նա շշով հարվածել է տաջիկներից մեկի գլխին:
Նոր տվյալներով՝ բախումից լուրջ տուժողներ չկան: Պատահական ականատեսներից մեկը հրազենային վնասվածք է ստացել, սակայն ևս ոչ լուրջ:
Այս միջադեպի հետևանքով 2 քրգործ է հարուցվել: Որոշվում է նաև կռիվը սկսած հայաստանցուն արտաքսելու հարցը: Նա Ռուսաստան է եկել 2 ամիս առաջ և փորձել է, սակայն դեռ չի հասցրել քաղաքացիություն ստանալ:










