Իսրայելցի գիտնականը 30 տարում խմբագրել է Հին Կտակարանը

13:49 • 08.08.12

Վերջին 30 տարում իսրայելցի գիտնական Մենահեմ Քոենը բիբլիական առաքելություն է իրականացրել, գրում է ABC News-ը:

 

Քոենը աշխատել է Հին Կտակարանի եբրայերեն տեքստի վրա՝ շտկելով բոլոր հայտնի տեքստային սխալները՝ գրքի իսկապես հավաստի տարբերակը ստանալու նպատակով: Գիտնականը կենտրոնացել է հիմնականում քերականական վրիպակների և խճճված բիբլիական խորհրդանիշերի վրա:

 

Նա այսպիսով արել է մի աշխատանք, որը չէր կատարվել վերջին 500 տարում. սա համարվում է վերջին հարյուրամյակներում Աստվածաշնչի եբրայերեն տեքստի առաջին խոշոր մանրակրկիտ ուսումնասիրությունը:

 

Ուսումնասիրելով հազարավոր միջնադարյան ձեռագրեր 84-ամյա Քոենը 1500 անճշտություն է գտել Հին Կտակարանի եբրայերեն տեքստում: Դրանք ուղղվել են նրա 21 հատորանոց աշխատության մեջ, որի վերջին գլուխը կտպագրվի հաջորդ տարի:

 

Քոենը հիմնվել է գլխավորապես «Հալեպի կոդեքս»-ի վրա՝ մի հազարամյա մագաղաթի, որը համարվում է Աստվածաշնչի ամենաճշգրիտ նմուշը:

Իսրայելցի գիտնականը 30 տարում խմբագրել է Հին Կտակարանը