Ավստրալական դատարանը մարմնավաճառին թույլ է տվել հաճախորդներին հյուրանոցի իր համար հրավիրել

12:36 • 08.08.12

Ավստրալական դատարանը որոշել է, որ հյուրանոցների և մոթելների տերերը իրավունք չունեն մարմնավաճառներին արգելել իրենց հաճախորդներին համարներ հրավիրել, հայտնում է Washington Post-ը:

 

Այս որոշումը ապշեցրել է հյուրանոցատերերին, որոնք վստահ են, թե իրավունք ունեն որոշելու՝ ինչ տեսակ գործողություններ պետք է կատարվեն իրենց հարկի տակ:


Ավստրալիայի Մորանբա քաղաքից G.K. անվանատառերով ներկայացվող մարմնավաճառը խտրականության մեղադրանք էր ներկայացրել Drovers Rest Motel-ի դեմ, երբ այնտեղ նրան հրաժարվել էին սենյակ տրամադրել:

 

2010-ին նշված մոթելի տնօրինությունը պարզել էր, որ մարմնավաճառը 17 անգամ հյուրանոցի սենյակ է բերել իր հաճախորդներին, ինչից հետո նրան հրաժարվել էին սենյակ տրամադրել: Մարմնավաճառը գործը տանուլ էր տվել առաջին ատյանի դատարանում, սակայն դիմել էր նաև վճռաբեկ դատարան, իսկ մամուլին ասել էր, որ ոչ ոք իրավունք չունի իրեն երկրորդ կարգի քաղաքացու պես վերաբերվել: Մարմնավաճառը երեք ու կես աստղանի մոթելից նաև 32 հազար ԱՄՆ դոլարի փոխհատուցում է պահանջում:

 

Մորանբան ներառող Քուինսլենդ նահանգում մարմնավաճառությունն օրինական է, իսկ «օրինական սեռական գործունեության հիման վրա դրսևորված խտրականությունը ապօրինի»:

 

Մորանբան հանքարդյունաբերական քաղաք է, որտեղ մարմնավաճառների հիմնական հաճախորդները տեղի հանքագործներն են: