Եգիպտոսի օդուժն Իսրայելի թույլտվությամբ Սինայում ռազմական գործողություն է իրականացնում
Եգիպտոսի բանակն ու ոստիկանությունը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է իրականացնում Սինայի թերակղզում, որում ներգրավված են ինչպես ծանր զրահատեխնիկա, այնպես էլ օդուժ: Գործողության անցկացմանը իր համաձայնությունն է տvել Իսրայելը: Առաջին անգամ սկսած 1973թ. եգիպտական ռազմական ուղղաթիռները հրթիռային հարվածներ են հասցրել այդ շրջանում, ոչնչացնելով 20 գրոհայիններ, հաղորդում է newsru.israel-ը:
Եգիպտական «Ալ-Յոմ աս-Սաբաա» պարբերականի տվյալներով, տանկերն ու ուղղաթիռները վերադարձել են ռազմաբազաներ, սակայն հետևազորը շարունակում է հետապնդել գրոհայիններին: Իսրայելի հետ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները հայտնում են, որ եգիպտական ուժայինները զանգվածային ստուգումներ են իրականացնում բնակարաններում, փորձելով հայտնաբերել իրենցից խույս տված գրոհայիններին և զենքի թաքստոցները: Այդ շրջանի բնակավայրերում պարբերաբար փոխհրաձգություն է տեղի ունենում:
Ռազմական գործողությունը իրականացվում է սահմանային Կարմ Աբու-Սալեմ անցակետի վրա գրոհայինների արյունալի հարձակմանն ի պատասխան: Այդ հարձակման զոհ էր դարձել 16 եգիպտացի զինծառայող:
Սինայում եգիպտական ուժերի հրամանատարը Reuters գործակալությանը հայտնել է, որ զինվորականները տեղեկություններ են ստացել, որ գրոհայինների մեծ մասը պատսպարվել է Թումա գյուղում:
«Մենք ներխուժեցինք Թումա, ոչնչացրեցինք 20 ահաբեկչի, ինչպես նաև 3 զրահամեքենա: Գործողությունը շարունակվում է», - հայտարարել է զորահրամանատարը:
Եգիպտական բանակային ստորաբաժանումները նաև ուղղաթիռներից գնդակոծել են Շեյխ-Զուաիդ շրջանում գտնվող գրոհայիններին:
Եգիպտական և իսրայելական պաշտոնատար անձիք սահմանապահների դեմ կիրակնօրյա հարձակումը համարում են ծայրահեղ իսլամիստների ձեռքի գործը: Եգիպտական զինվորականների տվյալներով, ահաբեկչական խումբը բաղկացած էր 35 գրոհայինից, որոնց թվում էին նաև պաղեստինցիներ, ովքեր Եգիպտոս էին թափանցել Գազայի հատվածից: Այլ տեղեկությունների համաձայն` բոլոր գրոհայինները եգիպտացիներ էին:
Միևնույն ժամանակ, «Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարությունը եգիպտական սահմանային անցակետերի դեմ գրոհի մեջ մեղադրում է իսրայելական հետախուզությանը: Իսրայելական կողմը, իր հերթին, նման պնդումները աբսուրդային է անվանում:










