Վրաստանը միացել է Սիրիայի դեմ պատժամիջոցներին
Վրաստանն այսօր միացել է Սիրիայի դեմ Եվրոպական Միության գործող պատժամիջոցներին. տեղեկությունը տեղադրվել է ԵՄ պաշտոնական կայքում:
ԵՄ 27 երկրների արտգործնախարարներ Սիրիայի դեմ 17 կետից բաղկացած պատժամիջոցների փաթեթ էին սահմանել, որով ֆիզիկական և իրավաբանական անձանց լայն շրջանակի մուտքը ԵՄ արգելվել էր և որոնց ակտիվները սառեցվել էին:
«Սև ցուցակում» հայտնվել էր սիրիական 52 ընկերություն և 155 քաղաքացի: Էմբարգո էր սահմանվել նաև Սիրիային զենք վաճառելու վրա:
Վրաստանից բացի այսօր պատժամիջոցներին միացել են Խորվաթիան, Մակեդոնիան, Իսլանդիան, Սերբիան, Ալբանիան, Լիխտենշտեյնը և Մոլդովան:
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնը շնորհակալություն է հայտնել Վրաստանին և մյուս երկրներին` պատժամիջոցները սատարելու համար:










