Սիրիացի ընդդիմադիրները սպանել են ռուս գեներալի. Al Arabia
Ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի (ՍԱԲ) ներկայացուցիչները հայտնել են ռուս գեներալ Վլադիմիր Կոջիևի սպանության մասին, ով աշխատել է որպես Սիրիայի պաշտպանության նախարարի խորհրդական, հայտնում է vz.ru-ն` վկայակոչելով Al Arabia հեռուստաալիքին:
Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչները հեռուստաալիքին ցույց են տվել սպանված գեներալի` Սիրիայում տրված վկայականը: Նրանք հայտնել են, որ ոչնչացրել են նաև գեներալի թարգմանչին` Ահմեդ Աիկին:
Հեռուստաալիքի հաղորդմամբ` ՍԱԲ-ի ներկայացուցիչները նշել են, որ Կոջիևի ոչնչացման գործողության ժամանակ վերցրել են մի քանի կարևոր փաստաթղթեր ու քարտեզներ:
Ըստ նրանց` այն փաստը, որ ռուս գեներալն աշխատել է Սիրիայում, ցույց է տալիս, թե որքան ակտիվորեն է Մոսկվան ներգրավված նախագահ Բաշար Ասադի հակառակորդների դեմ պայքարում:
Սակայն չի հաղորդվել, թե որտեղ, երբ և ինչ հանգամանքներում է սպանվել ռուս գեներալը:
Սակայն Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան,անդրադառնալով տեղեկությանը, հայտնել է, որ ռուսական բանակում նման ազգանունով մարդ գոյություն չունի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ըստ նրա, եթե սպանված գեներալի մասին լուրը հավաստի է, ապա խոսքը կամ թոշակի անցած ռուս զինվորականի մասին է, կամ նախկին ԽՍՀՄ այլ բանակների ներկայացուցչի մասին, որոնց սովորաբար անվանում են «ռուսներ»:
Սիրիայում ՌԴ դեսպանատունը, իր հերթին, հերքել է ռուս գեներալի սպանության լուրը:










