Իրանի ԱԳՆ-ն Սիրիայի հարցով համագործակցության կոչ է արել Թուրքիային
Թուրքիայում գտնվող Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ միայն Թեհրանի ու Անկարայի միջև համագործակցությունը կարող է լուծել տարածաշրջանի խնդիրները, մասնավորապես` Սիրիայում ճգնաժամը:
«Առանց Թուրքիայի ու Իրանի տարածաշրջանում ու Սիրիայում կայունության շանսերը մեծ չեն»,- ասել է իրանցի նախարարը:
Իրանի ԱԳ նախարարի ու Թուրքիայի իշխանությունների հետ քննարկվելիք թեմաներից մեկը 48 իրանցիների ճակատագիրն է, որոնք գերեվարվել են Սիրիայի ապստամբների կողմից, հայտնում է zman.com-ը: Այցն ընթանում է Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով երկու երկրների միջև լարվածության ֆոնին:
Ի դեպ, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախարարական հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ` վկայակոչելով կառույցի դիվանագիտական աղբյուրին:
«Ֆրանսիան` որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի` այս ամսվա նախագահ, խորհրդին երեքշաբթի տեղեկացրել է, որ հանդիպումը նախատեսված է անցկացնել օգոստոսի 30-ին, որի ժամանակ կքննարկվի Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը»,- ասել է աղբյուրը:










