Սիրիայում «սպանված» ռուս գեներալը հայտնաբերվել է Մոսկվայում

13:13 • 08.08.12

Ռուսական բանակի գեներալ- մայոր Վլադիմիր Կուժեևը (ավելի վաղ հաղորդվում էր Կոժիև), ով իբր սպանվել էր Սիրիայում, ողջ է և գտնվում է Մոսկվայում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով ուժային կառույցների անանուն մի աղբյուրի:

Al Arabia հեռուստաալիքն այսօր հայտարարել էր, որ Սիրիական ազատ բանակի (ՍԱԲ) անդամները սպանել են ռուս գեներալի, ով եղել է Սիրիայի պաշտպանության նախարարի խորհրդականը: Նրանք հեռուստաալիքին էին ցույց տվել սպանված գեներալի` Սիրիայում տրված վկայականը:

Աղբյուրը հաստատել է ՍԱԲ-ի անդամների խոսքերը, որ Կուժեևն իսկապես Սիրիայի պաշտպանության նախարարի խորհրդականն է եղել, սակայն նշել է, որ որոշ ժամանակ առաջ նա հեռացվել է պաշտոնից ու վերադարձել Ռուսաստան:


Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հայտնել էր, որ ռուսական բանակում նման ազգանունով մարդ գոյություն չունի: Նա ասել էր, որ եթե սպանված գեներալի մասին լուրը հավաստի է, ապա խոսքը, հավանաբար, թոշակի անցած ռուս զինվորականի մասին է: Գեներալի սպանության լուրը հերքել էր նաև Սիրիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը: