Օբաման աշխատանքից ազատել է Ռուսաստանի հետ ՀՊՀ–ի շուրջ գլխավոր բանակցողին

08:37 • 08.08.12

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման աշխատանքից ազատել է Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) գործակալության պետ Պատրիք Օ’Ռայլիին, ով մեղադրվում է ենթակաների հետ վատ վարվելու մեջ, գրում է «Կոմերսանտ»-ը:


Նրա պաշտոնանկության մասին լուրերը պտտվում էին դեռ մայիսից, իսկ նախօրեին այդ որոշման մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան: Օ’Ռայլին գործակալության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2008թ.-ից: Իսկ այս տարվա մայիսից գեներալի նկատմամբ սկսվել էր ներգերատեսչական հետաքննություն, որի արդյունքում պարզվել էր, որ նա ստորացնում է իր աշխատակիցներին, որի պատճառով 6 մարդ ազատվել է աշխատանքից:


Օբամայի որոշմամբ` Օ’Ռայլիին այս պաշտոնում կփոխարինի կոնտր-ադմիրալ Ջեյսմ Սիրինգը, ով նախկինում ղեկավարում էր միացյալ ռազմական համակարգերի վարչությունը: Սպիտակ տունը նրա թեկնածությունը կարող է ներկայացնել Սենատին մինչ խորհրդարանի աշնանային արձակուրդները, գրում է «Կոմերսանտ»-ը:

 

 

Օ’Ռայլիի պաշտոնից ազատումը դարձավ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման շուրջ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև բանակցային փուլի խորհրդանշական ավարտը: ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո (աշնանը), Մոսկվայի հետ արդեն կբանակցի, հավանաբար, Ջեյմս Սիրինգը:

Նշենք, որ Միացյալ Նահանգները ցանկանում է ՀՀՊ համակարգեր տեղակայել Եվրոպայում, ինչին դեմ է Ռուսաստանը, որը գտնում է, որ դա սպառնում է իր տարածքի անվտանգությանը: Մոսկվան Վաշինգտոնից պահանջում է իրավական երաշխիքներ, սակայն երկրների միջև բանակցությունները դեռ ապարդյուն են: