Հայուհուն վիրավորելու համար Պերմում հայերը բախվել են տաջիկների հետ
Ռուսաստանի Պերմ քաղաքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և տաջիկների միջև: Կիրառվել է տրավմատիկ զենք: Կան տուժածներ: Հայտնում է Perm Times-ը՝ բնորոշելով «միջէթնիկական բախում համայնքների միջև»:
Ձերբակալվածների ցուցմունքների համաձայն՝ կոնֆլիկտի պատճառը կենցաղային է եղել. տաջիկներից ինչ-որ մեկը հայերից մեկի ընկերուհու հասցեին վատ է արտահայտվել: Լեզվակռիվը վեր է ածվել բախման:
Հանրակացարաններից մեկի հայ և տաջիկ բնակիչների բախումը տեղի է ունեցել Վասիլևի փողոցի մեծածախ առևտրի բազաներից մեկում, որում ԱՊՀ երկրների շատ քաղաքացիներ են աշխատում:
Ծեծկռտուքը զանգվածային բնույթ է ստացել, երբ կռվողներին «օգնության են եկել» նրանց բարեկամները՝ երկաթյա ձողերով և ձեռքի տակ եղած այլ միջոցներով:
Ծեծկռտուքը դադարեցնելու համար անհայտ մեկը տրավմատիկ զենքից օդ և մարդկանց է կրակել:
Տասնյակ մարդկանց հանդարտացնել հաջողվել է միայն ոստիկաններին: Մանրամասները կհրապարակվեն արտակարգ իրավիճակի կարգավիճակ ստացած ծեծկռտուքի առիթով սպասվող մամուլի ասուլիսի ժամանակ:










