Պակիստանի նոր վարչապետը կկանգնի դատարանի առաջ

11:23 • 08.08.12

Պակիստանի Գերագույն դատարանի այսօր կայացրած որոշման համաձայն`  նոր վարչապետ Ռաջա Փերվեզ Աշրաֆն օգոստոսի 27-ին կկանգնի դատարանի առջև, հայտնում է Reuters-ը:

 

Վարչապետին կառաջադրվի դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և ներկայացված պահանջն անտեսելու մեղադրանք: Հուլիսի 19-ին նույն մեղադրանքով Գերագույն դատարանը պաշտոնից հեռացրել էր նրա նախորդին` Յուսուֆ Ռեզա Գիլանիին:

 

Գերագույն դատարանը վարչապետին պարտավորեցրել էր մինչև օգոստոսի 8-ը դիմել շվեյցարական իշխանություններին Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի նկատմամբ հետաքննությունը վերականգնելու պահանջով, որը սառեցվել էր 2008թ.-ին:


2003թ.-ին շվեյցարական դատարանն Ասիֆ Ալի Զարդարիին ու նրա կնոջը` Բենազիր Բհուտոյին, մեղավոր էր ճանաչել փողերի լվացման մեջ: Քննության վարկածով` 1990-ականներին նրանք յուրացրել են մոտ 12 մլն դոլար: Սակայն գործը սառեցվել էր նախագահական պաշտոնում Զարդարիի ընտրվելուց հետո: