Կազանում իրեն մարգարե հռչակած աղանդավորը 10 տարի ստորգետնյա շինությունում է պահել 20 երեխայի
Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանում իրեն մուսուլմանների վերջին մարգարեն հռչակած 83-ամյա Ֆայզրահման Սատարովը 10 տարի ստորգետնյա շինությունում է պահել 70 ճգնավորի, որոնց թվում` 20 երեխա: Նա արգելել է իր հետևորդներին բուժվել, սովորել ու արտաքին աշխարհի հետ հաղորդակցվել, հայտնում է Վեստի.ռու-ն:
Իրավապահների ու հատուկ ծառայությունների աշխատակիցները ստորգետնյա շինությունը հայտնաբերել են հուլիսի 19-ին Կազանում կատարված ահաբեկչության գործի հետաքննության շրջանակում: Պարզվել է, որ արտաքինից ոչնչով աչքի չընկնող տանն աղանդավորներն իսկական «պետություն» են ստեղծել, որտեղից դուրս գալն արգելվել է բոլորին, քանի որ արտաքին աշխարհն «օտար է ու սխալ»:
Արևի լույս չտեսած երեխաները տեղափոխվել են Կազանի 18-րդ հիվանդանոց, որտեղ անցնում են բուժզննում: Իսկ տարիքով աղանդավորները վրդովված են ոստիկանների միջամտությանը: «Նրանք որոշել են մեր համայնքը ոչնչացնել, որոշել են պատերազմել Ալլահի դեմ, սակայն նրանք չեն կարող հաղթել Ալլահին: Նրանք միայն մեր դիերի վրայով կարող են քանդել մեր տունը»,- ասել են նրանք:
Աղանդավորների առաջնորդի դեմ հարուցվել է 3 քրեական գործ` կյանքի սպառնալիքի, երեխաների հետ դաժան վարվելու և ապօրինի շինարարություն իրականացնելու մեղադրանքներով:










