Եռաբլուրում հարգեցին Արծվաշենում ընկած հերոսների հիշատակը (լուսանկարներ)

14:25 • 08.08.12

ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը, Արծվաշենի պայքարում ընկած զոհվածների ծնողներն ու հարազատներն այսօր հարգանքի տուրք մատուցեցին Արծվաշենի անկման 20-րդ տարելիցի զոհերի հիշատակին:


Նրանք ծաղիկների դրեցին զոհվածների շիրիմներին և մեկ րոպե լռությամբ հարգեցին ընկածների հիշատակը:


ՀՀ Պաշտպանության Նախարարության սոցիալական վարչության նախկին պետ, Արծվաշենի պայքարում գերիների փոխանակում կատարած Անդրանիկ Արշակյանը նշեց, որ որևէ խոնարհում չի կարող համարժեք լինել տղաների գործած սխրանքին:


«Սպարապետը հանձնարարել էր անել հնարավորը` տղաներին բերելու, կենդանի փոխանակելու համար: Տղաների հուղարկավորության ժամանակ բանակի գեներալներից մեկը ասաց` «Երանի ես 13-րդը լինեի», իսկ Սպարապետը` «երանի բոլորի փոխարեն միայն ես լինեի»»,- պատմեց Անդրանիկ Արշակյանը:


Հիշելով 20 տարի առաջ տեղի ունեցածը` Արշակյանը նշեց, որ տղաների դիերի փոխանակումից առաջ ադրբեջանական բանակի գեներալներից մեկը, ում վստահված է եղել այդ հանձնարարությունը, բոլորի ներկայությամբ խոստովանել է, որ տղաները կռվել են մինչև վերջին փամփուշտը:

Հիշեցնենք, որ 20 տարի առաջ Արծվաշենի դրությունն օրհասական էր: Հայկական առաջին բանակի զինվորները հրաման ունեին ապահովել 4500 արծվաշենցիների դուրսբերումը և փրկել նրանց կյանքը: Հրամանը կատարվեց ճիշտ ժամանակին և անթերի, սակայն գործողության ժամանակ հայ 12 զինվոր զոհվեց:


Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա` խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը:


«Հակառակորդը բոլորին ցույց էր տալիս, թե մենք իրենց տարածքներն ենք գրավել: Մերոնք 12 զինվորով կարողացան 4500 խաղաղ բնակչի կյանք փրկել, որով պետք է միայն հպարտանալ: Սա մեր ժողովրդի, բանակի հերոսությունն է, քանի որ կարողացանք պաշտպանել տարածքը, որը չորս կողմից շրջապատված էր թշնամիներով»,- ասաց Կոմանդոսը: