Տոլյատիում հայ երիտասարդին սպանած ազգայնական դեռահասներին ցմահ ազատազրկում է սպառնում
Տոլյատիում հայազգի Նարեկ Նալբանդյանին դաժանաբար սպանած 4 անձանց, որոնցից երեքը անչափահաս են, ցմահ ազատազրկում է սպառնում. տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հայկական արմատներով տղայի սպանության մեջ մեղադրվում են երկու դպրոցական, 16-ամյա մի պատանի և 21-ամյա մի երիտասարդ:
Հետաքննությունն սկսվել է այն բանից հետո, երբ հուլիսի 14-ին մի տղամարդ զանգահարել էր ոստիկանություն տեղեկացրել, որ Տոլյատիի փողոցներից մեկում չորս երիտասարդ ծեծում են մեկին: Մինչ ոստիկանների` դեպքի վայր ժամանելը տուժածն արդեն մահացած էր եղել. 21-ամյա հային սպանել էին դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով:
Հարձակման ականատեսը հայտարարել էր, որ չի կարող նկարագրել մարդասպաններին, քանի որ դեպքի վայրում մութ է եղել:
Տարածքի ուսումնասիրության ընթացքում ոստիկանների ուշադրությունը գրավել էին երեք երիտասարդ, որոնց ձեռքերին և հագուստին արյան հետքեր են եղել: Նրանք ձերբակալվել էին, ինչից հետո պարզվել էր, որ նրանցից երկուսը 15-ամյա դպրոցականներ են եղել, իսկ մեկը` 21-ամյա տղա, ով աշխատանք չուներ և արդեն կասկածվում էր կողոպուտների և մեքենայությունների համար: Ավելի ուշ ձերբակալվել էր նաև սպանության չորրորդ մասնակիցը: Նրանք ոստիկաններին տեղեկացրել էին, որ հայ երիտասարդին սպանել են ազգայնական հողի վրա և չեն զղջում դրա համար:










