Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է, կա 6 վիրավոր

15:13 • 09.08.12

Այսօր` օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12.30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22-րդ կմ-ում` Հայրիվանք գյուղի տարածքում, իրար են բախվել «ԳԱԶ 31105» մակնիշի Տ 2951 համարանիշի և «ՈՒԱԶ 452» մակնիշի 671 ՍՏ 31 համարանիշի ավտոմեքենաները:


Ինչպես դեպքի վայրից Tert.am—ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն: Վիրավորների մեջ են նաև վարորդները:


«ԳԱԶ 31»-ի վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները` մեկ մարտական հաշվարկով, քաղաքացիների օգնությամբ հատուկ միջոցներով կարողացել են դուրս բերել վարորդին:


Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արսեն Մովսիսյանը:


Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ավտովթարից անցել է 1,5 ժամ, բայց ապահովագրական ընկերության ներկայացուցիչները դեռ չեն ժամանել դեպքի վայր, ինչի պատճառով էլ չեն կարողանում ավտոմեքենաները տեղափոխել Ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանման տարածք:


Այս պահին Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ` պարզելու ինչպես վարորդների, այնպես էլ հիվանդանոց տեղափոխված այլ անձանց ինքնությունը:


Վթարի արդյունքում «ԳԱԶ 31105»-ը գլխիվայր շրջվել է, իսկ «ՈւԱԶ»-ի թափքը մոտ 20 մետր թռել է: «ՈւԱԶ»-ը, ըստ տեղեկությունների, պատկանում է Գավառի հացի գործարանին: