Քոֆի Անանին կարող է փոխարինել Խավիեր Սոլանան կամ Միգել Անխել Մորատինոսը
Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ բանագնացի պաշտոնի գլխավոր թեկնածուներն են Իսպանիայի նախկին արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսն ու նրա հայրենակից, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան:
Օգոստոսի 31-ին այս պաշտոնում իր լիազորությունները կդադարեցնի ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը:
ՄԱԿ-ի շտաբ- բնակարանի դիվանագիտական աղբյուրներն «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ին հայտնել են, որ բոլոր այն խոսակցությունները, թե այս պաշտոնում Անանին կարող է փոխարինել Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահթիսաարին, «միայն լուրեր են»: «Նրա շանսերը չնչին են»,- ասել են նրանք:
Դեռ երեքշաբթի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն լրագրողներին հայտնել էր, որ Քոֆի Անանին փոխարինողի անունը ՄԱԿ-ը կհայտարարի մոտ օրերս:
Օգոստոսի 2-ին Անանը հայտարարել էր հատուկ բանագնացի պաշտոնը լքելու մասին: 74-ամյա դիվանագետը հայտնել էր, որ այս պաշտոնում իր լիազորությունները չերկարաձգելու պատճառն «անհրաժեշտ աջակցություն չստանալն էր»:










